Վերջերս մի հարց է անընդհատ գլխումս պտտվում. ի վերջո, ո՞րն է այն կարմիր գիծը, որը տրորելը Հայ ժողովուրդը երբե՛ք թույլ չի տա:
Ո՞րն է այն կետը, որի վրա ձիգ կանգնած, իրար պինդ բռնած ատամներով կպահենք:
Էլ չենք նայի նախկին-ներկա, սև ու սպիտակ, թալանչի ու փալանչի, ռուս ու պռուս:
Ո՞րն է այն սրբությունը, ազգային գանձը, համազգային արժեքը, որ ամեն ինչից թանկ է մեր համար:
Անկեղծ` չեմ գտնում:
Վանա ծո՞վը, Անի՞ն,Կա՞րսը...
Թե՞ էդքան սիրելի խորհրդանիշ Մասիսը:
Արցա՞խը:
Հաղթանակի խորհրդանիշ Շուշի՞ն:
Հայոց դպրության առաջնեկ Ամարա՞սը:
Քրիստոնեական հավատքի խորհրդանիշ Գանձասա՞րը:
Բանա՞կը... զինվո՞րը:
Մեր զավակնե՞րը: Ընտանի՞քը:
Նահատակներն ու նրանց հուշարձաննե՞րը:
Հայրերի ու եղբայրների գերեզմաննե՞րը:
Խաչերն ու խաչքարե՞րը:
Պապական տու՞նը, հայրական օջա՞խը:
Պատի՞վը, արժանապատվությու՞նը:
Այս բոլորն արդեն թույլ ենք տվել տրորել:
Լա՛վ, բա ո՞րն է այն վերջին կետը, հանուն որի մինչև վերջ պատրաստ ենք կանգնելու:
Ի՞նչն է, որ երբե՛ք, աշխարհում ո՛չ ոքի ամեն գնով թույլ չենք տա մեզանից խլել:
Առանց ու՞մ կամ ինչի՞ պատրաստ չենք ու չենք կարողանա ապրել:
Կամ հանուն ինչի՞ ենք պատրաստ մինչև վերջ պայքարել ու… ապրել:
Արտ ԴԵՄԻՐՃՅԱՆ